Իսրայելական բանակը Գազայի հատվածում ցամաքային գործողության է պատրաստվում, սակայն հրաման դեռ չի տրվել
Իսրայելական բանակը տարատեսակ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Գազայի հատվածում ցամաքային գործողության համար, սակայն դեռևս այն անցկացնելու հրաման չի ստացել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Գազայի դիվիզիայի զորքերը նախապատրաստման տարբեր փուլերում են, ներառյալ գլխավոր շտաբի ղեկավարության ցուցումները, սակայն նման գործողություն իրականացնելու հրաման դեռ չի տրվել: Բայց ռազմական նախապատրաստական աշխատանքներն իսկապես ընթանում են»,-ասել է Կոնրիկուսը՝ պատասխանելով ցամաքային գործողության հնարավորության մասին լրագրողների հարցին:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:










