Իսրայելում բռնությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 69-ի․ Իսրայելական բանակը Գազայի հատվածում ցամաքային գործողության է պատրաստվում (թարմացվող)

10:50 • 13.05.21

13:44

Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի Ռիմալ շրջանում գտնվող 6 հարկանի բնակելի շենքին, որն ավերվել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով պաղեստինյան Wafa գործակալությանը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռը երկու հրթիռով հարձակում է կատարել Գազայի Ռիմալ տարածքում գտնվող «աթ-Թուրք» բնակելի 6 հարկանի շենքի վրա՝ այն վերածելով աղյուսների կույտի», - նշում է գործակալությունը:

Գործակալության տվյալներով` մոտակայքում գտնվող շենքերը նույնպես «զգալիորեն վնասվել են»:

Այս բարձրահարկ շենքը երեքշաբթի օրվանից սկսած` դարձել է 4-րդը Գազայի հատվածում, որն ավերվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից:

13:03

Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող թուրքական պետական TRT հեռուստաընկերության գրասենյակին: Այս մասին հայտարարել է TRT Arabi-ի պաշտոնական ներկայացուցիչ Օդուզ Էսերը, գրում է Sabah պարբերականը:

Էսերի խոսքերով` հրթիռներից մեկը ընկել է Գազայի հատվածում գործող TRT Arabi-ի գրասենյակի վրա:

11:25

Իսրայելական բանակը տարատեսակ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Գազայի հատվածում ցամաքային գործողության համար, սակայն դեռևս այն անցկացնելու հրաման չի ստացել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Գազայի դիվիզիայի զորքերը նախապատրաստման տարբեր փուլերում են, ներառյալ գլխավոր շտաբի ղեկավարության ցուցումները, սակայն նման գործողություն իրականացնելու հրաման դեռ չի տրվել: Բայց ռազմական նախապատրաստական աշխատանքներն իսկապես ընթանում են»,-ասել է Կոնրիկուսը՝ պատասխանելով ցամաքային գործողության հնարավորության մասին լրագրողների հարցին:

11։10

Առնվազն 1 մարդ զոհվել և 1-ը վիրավորվել է Գազայի Խան Յունիսում՝ Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածից հետո։ Վիրավորների թիվը ներկա պահին հասնում է 400-ի։

Բացի այդ իսրայելական կողմը հարձակում է գործել Երուսաղեմի հարևանությամբ գտնվող Սիլվան քաղաքի Ուադի Հիլուահ թաղամասում Ռամադանի Այդ ալ Ֆիթր տոնւ նշող հավատացյալների վրա։

10:30

Գազայի պաղեստինյան հատվածի բնակիչների մոտ այսօր առավոտյան Այդ ալ Ֆիթր տոնը սկսվել է Իսրայելի կողմից ռմբակոծություններով, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Լրատվականի թղթակից Սաֆուաթ ալ Քահլութը նշել է, որ Գազայի հատվածում ռմբակոծությունները շարունակվել են տարբեր վայրերում։

ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ Գազայում իր հրամանատար Բասեմ Իսսան զոհվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով՝ շարժման մյուս բարձրաստիճան անդամների հետ։ Ավիահարվածի է հետևանքով վնասվել է նաև շարժման անվտանգության գրասենյակը։

Իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է մի հղի կին՝ իր երեխայի հետ, ինչպես նաև տարեց զույգ։ Վերջին օրերի հարձակումների ընթացքում զոհվել է 69 մարդ, այդ թվում՝ 17 երեխա և 8 կին, վիրավորվել է ավելի քան 35 մարդ։

Գազայի պատասխան հարվածների հետևանքով իսրայելական կողմից զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։

Իսրայելում ոստիկանությունը հրահրում է Իսրայելի արաբ բնակչության նկատմամբ բռնություն։ Հայֆայում սկսել են բռնություն կիրառել արաբ բնակիչների նկատմամբ։

Նույն ընթացքում հազարավոր պաղեստինցիներ հավաքվել են Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի մոտ՝ նշելու Ռամադանի ավարտը և տոնելու Այդ ալ Ֆիթրը։ Պաղեստինցիների աղոթքի ընթացքում, սակայն բռնություն է կիրառվել։

 





Հայտնի է, որ Իսրայելի մեծությամբ 2-րդ քաղաք Հայֆայում կիրառված բռնության ընթացքում հրդեհ է բռնկվել արաբներին պատկանող շենքերից մեկում։

Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից առնվազն 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Երեկվա տվյալներով՝  850 հրթիռ հատել էր Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում:

Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Իսրայելում բռնությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 69-ի․ Իսրայելական բանակը Գազայի հատվածում ցամաքային գործողության է պատրաստվում (թարմացվող)