Colonial Pipeline-ի վառելիքամուղը վերսկսել է իր աշխատանքը
Հաքերային հարձակումից տուժած ամերիկյան Colonial Pipeline խողովակաշարային խոշորագույն ընկերությունը հայտարարել է, որ աստիճանաբար վերսկսում է աշխատանքը: Այս մասին գրում է Интерфакс-ը:
«Colonial Pipeline-ն այսօրվանից վերսկսել է իր խողովակաշար ի աշխատանքը»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ: Հայտնի է, որ մի քանի օր կպահանջվի, որ ընկերությունը աշխատանքի սովորական ռեժիմին անցնի:
Սպասվում է, որ մինչեւ շաբաթվա վերջ ընկերությունն արդեն ամբողջ հզորությամբ կվերսկսի աշխատանքը:
ՀԴԲ-ն հաղորդել էր, որ ըկերության վրա հարձակումն իրականացրել էր DarkSide հաքերային խումբը: Այս խմբի ներգրավվածության մասին հաղորդվում է Associated Press-ի աղբյուրներին հղումով: Գործակալության զրուցակիցների խոսքով՝ հարձակման նպատակը փող կորզելն էր:
Ըստ Associated Press-ի՝ DarkSide-ը հաքերների խումբ է, որը գործում է 2020-ի օգոստոսից: Խմբի անդամները նշել են, որ երբեք չեն հարձակվել հիվանդանոցների, ուսումնական հաստատությունների, պետական կառույցների կամ այլ ոչ բիզնես-օբյեկտների վրա: Խումբը չի իրականացնում նաև կիբերհարձակումներ հետխորհրդային տարածքում: DarkSide–ի հաքերների խոսքով՝ նրանք հասույթի մի մասը տրամադրում են բարեգործությանը:










