Պետք է անկեղծ լինել հասարակության հետ և ասել՝ իշխանության մոտ հայրենիքը պաշտպանելը չի ստացվում․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

21:41 • 14.05.21

Լավ օրից չէ, որ այսպիսի քննարկում ենք անում և Աստված չանի, որ ամիսը 1-2 անգամ նման քննարկումների մեջ լինենք, իհարկե, բոլորիս նպատակն այս հարցին արմատապես լուծում տալն է․ այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին:

«Մեր պետությունն իսկապե՞ս այնքան թուլացել է, որ մենք ամեն օր հնարավոր է հանդիպենք նման գործընթացների: Ես ուզում եմ իշխանության ներկայացուցիչների կողմից լսել՝ հստակ է այն խնդիրը, որ իրենք կարող են այս հարցերին և նմանատիպ սպասվող հարցերին լուծում տալ, թե՞ հստակ չի: Հնարավոր է մի օր ռազմաքաղաքական դիվանագիտությունը վերջանա և ասենք, այսքանօրյա պատերազմ եղավ, և արդեն մեր տարածքներն ենք տալիս, չնայած ինձ համար բացարձակ տարբերություն չկա՝ Արցախի տարածքն է, թե Հայաստանի, քանի որ սա մեր հայրենիքն է»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Նա նաև հորդորեց գործող իշխանությանը անկեղծ լինել հասարակության հետ և ասել, որ իշխանության մոտ չի ստացվում հայրենիքը պաշտպանելը:

«Եթե մենք ուզում ենք հաշտվել հայրենիքի կորստի հետ, ապա դրա մասին պետք է ասել: Վեր կենալ և ասել՝ մեր մոտ չի ստացվում հայրենիքի սահմանները պաշտպանել: Պետք է մինչև հունիսի 20-ը կանգնեք ու ասեք, որ հայրենազրկում չի լինելու, և մենք հույս ունենք, որ ընտրություններից հետո իշխանափոխությունը կլինի, իսկ դա կլինի շատ ողջամիտ և բնականոն քայլ, քանի որ այս խնդիրը անընդհատ կարող է ի հայտ գալ»,- նշեց պատգամավորը:

Պետք է անկեղծ լինել հասարակության հետ և ասել՝ իշխանության մոտ հայրենիքը պաշտպանելը չի ստացվում․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)