Իսրայելի ՊԲ-ն հերքել է Գազայում ցամաքային գործողություն սկսելու լուրը. պաղեստինյան կողմի զոհերի թիվը հասել է 115-ի, Գազայի հատվածից արձակվել է 1800 հրթիռ (թարմացվող)

02:58 • 14.05.21

10:30

Իսրայելական բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը, մեկնաբանելով Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը, որը տարածվել էր գիշերը, հայտարարել է, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, գրում է «ՌԻԱ Նոսվոստի»-ն:

«Տեղի է ունեցել ներքին թյուրիմացություն, ես ստանձնում եմ պատասխանատվություն»,- ասել է նա:

9:35

Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի. ընդհանուր առմամբ, վիրավորվել է 600 մարդ:

Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բացի այդ, կոնֆլիկտի սրացման սկզբից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից 430-ն ընկել է Գազայի հատվածում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Palestinian families are pictured in a street after evacuating their homes east of Gaza City on May 13 due to heavy shelling by the Israeli military

06:52

Շուրջ 140 պաղեստինցի է վիրավորվել Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան Ափում իսրայելցի իրավապահների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Dunya Al Watan ռադիոկայանը:

«Մեր բժշկական խմբերը 139 վիրավորի են ընդունել Արևմտյան ափից և Երուսաղեմից վերջին ժամերին»,- ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտնել է Կարմիր Մահիկի Պաղեստինյան կառույցի ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ առավել ուժգօն բախումներ են գրանցվել Արևմտյան ափին՝ Իերիխոն քաղաքի մոտակայքում, որտեղ իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ 33 պաղեստինցի է տուժել:

Ավելի վաղ հաղորդվել էր Արևելյան Երուսաղեմում և Արևտմյան ափում ոստիկանների հետ բախումների հետևանքով 1 պաղեստինցու զոհվելու և շուրջ 40-ի վիրավորվելու մասին:

06:24

Իսրայելը մերժել է հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկը. եգիպտական պատվիրությունը իսրայելական ու պաղեստինյան կողմերի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո լքել է Թել Ավիվը՝ չկարողանալով համոզել Իսրայելի իշխանություններին կրակը դադարեցնելու հարցում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կահիրեում իր ունեցած աղբյուրներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտացի բանագնացները Եգիպտոցի Ընդհանուր հետախուզական ծառայության ղեկավարի գլխավորությամբ ժամանել են Իսրայելի մայրաքաղաք, որից առաջ հանդիպումներ էին ունեցել պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների հետ Գազայի հատվածում:

Աղբյուրը հայտնում է, որ Եգիպտոսը, հանդես գալով որպես միջնորդ կողմ, Իսրայելի ղեկավարությանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել կրակը՝ որպես մշտական հրադադար հաստատելու համար անհրաժեշտ առաջին քայլ:

«Առայժմ, սակայն, այս նախաձեռնությունը հաջողության հեռանկարներ չունի: Սկզբում առաջարկվում էր հումանիտար հրադադար հաստատել 3, հետո՝ 6 ժամով, բայց բոլոր տարբերակներն էլ անարձագանք մնացին»,- ТАСС-ին ասել է Կահիրեի աղբյուրը:

05:32

Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածներից պաղեստինցների շրջանում զոհերի թիվը հասել է 113-ի:

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ի՝ Գազայի հատվածում աշխատող թղթակիցը, վերջին ժամերի հրթիռակոծության ու ավիահարվածների հետևանքով ևս 4 մարդ է զոհվել՝ մեկ կին և նրա երեք երեխաները: Զոհվածների մարմինները դուրս են բերել տեղի իշխանության ներկայացուցիչները, քանի որ ինտենսիվ հրթիռակոծության ու օդից ավիահարվածների պատճառով շտապօգնության ավտոմեքենաները տեղանքին մոտենալ չեն կարողացել:

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել էր վերջին երեք օրում 109 մահվան դեպքի մասին, վիրավորների թիվը գերազանցում է 600-ը:

Այս պահին Գազայի հատվածի հոսպիտալներում արյան դոնորների կարիք կա, քանի որ վիրավորների թիվը բավական մեծ է, ինչը արյան անհրաժեշտ պաշարների սակավության խնդիր է առաջացրել: Մարդկանց տարհանումը շարունակվում է, քանի որ Իսրայելը ինտենսիվ հրթիռակոծությունն ու ավիահարվածները շարունակում է. պաղեստինցիները հիմնականում տանիք են փնտրում ՄԱԿ-ի դպրոցներում:

04:29

Գազայի հատվածից Al Jazeera-ի թղթակիցը հաղորդել է, որ իսրայելական զորքերը չեն ներխուժել Գազա՝ նշելով միաժամանակ, որ Գազայի հյուսիսը Իսրայելի կողմից ինտենսիվ հրթիռակոծության ու ավիահարվածների է ենթարկվում:

«Ես կարող եմ հաստատել, որ այս պահին Գազայի հատվածում իսրայելական զորքեր չկան: Մենք կապվել ենք սահմանին տեղակայված կամ մոտ գտնվող մեր աղբյուրների հետ: Գազայի տարածքում Իսրայելի ցամաքային զորքերի առկայության վերաբերյալ փաստեր չկան»,- ասել է թղթակիցը:

04:17

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը РИА Новости-ի հետ զրույցում չի մեկնաբանել հարցը, թե արդյոք Գազայի հատվածի ուղղությամբ վերջին հարվածները Իսրայելի կողմից ցամաքային ռազմական օպերացիայի սկիզբն է:

«Այս պահին մենք տարածված հաղորդագրություններին ոչինչ ավելացնել չենք կարող: Ոչ հաստատում, ոչ էլ՝ հերքում ենք ցամաքային հարձակման անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը»,- պատասխանել է Իսրայելի ՊԲ ներկայացուցիչը:

Շուրջ մեկ ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Իսրայելի օդուժն ու ցամաքայի զորքերը Գազայի հատվածում հարձակման են անցել: 

03:54

Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թևը ներկայացնող «Իզեդդին Ալ-Քասսամի բրիգադներ» խմբավորումը հայտնել է իսրայելական Աշկելոն քաղաքի ուղղությամբ ևս 100 հրթիռ արձակելու մասին, հաղորդում է ТАСС-ը:

Պաղեստինյան կողմը հաղորդում է, որ հրթիռների հերթական խմբաքանակն Իսրայելի կողմն է ուղղվել «պաղեստինցի խաղաղ բնակիչների ու «ՀԱՄԱՍ»-ի մարտիկների զոհվելու, ինչպես նաև՝ Գազայի հատվածում ենթակառուցվածքների շարքից դուրս գալուն ի պատասխան»:

«ՀԱՄԱՍ»-ն ավելի վաղ հաղորդել էր իսրայելական Աշկելոն և Աշդոդ բնակավայրերի ուղղությամբ 50 հրթիռ արձակելու մասին (ընդհանուր՝ 150 հրթիռ): 

03:40

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 16-ին բաց նիստում կքննարկի իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 16-ին նիստ կանցկացնի Իսրայելում և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով»,- գրել է ամերիկացի դիվանագետը թվիթերյան իր էջում: 

ТАСС-ի տեղեկություններով՝ նիստը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին, ելույթ է ունենալու Մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Թոր Վեննեսլենդը:

Ավելի վաղ աղբյուրը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնն արգելափակել է Պաղեստինի և Իսրայելի միջև ճգնաժամի հարցով մայիսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց հանդիպման անցկացումը, ուստի այն այսօր չի կայանա:

Մայիսի 14-ին ԱԽ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել Չինաստանը, Թունիսն ու Նորվեգիան, բայց անցկացման ժամկետը հարմար չի եղել ամերիկյան կողմին, և վերջինը որպես նպատակահարմար ժամկետ առաջարկել է մայիսի 18-ը: Ի վերջո փոխզիջումային համաձայնություն է ձեռք բերվել նիստը մայիսի 16-ին անցկացնելու մասին:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ արդեն իսկ ԱԽ կայացած երկու փակ նիստում իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունել էր ստացվել ամերիկյան կողմի դիրքորոշման պատճառով, քանի որ, ըստ ТАСС-ի, ԱՄՆ-ը պնդել է, որպեսզի ընդունվելիք փաստաթղթում դատապարտվեն «ՀԱՄԱՍ» խմբավորման գործողությունները: 

03:19

Իսրայելական բանակի սկսած ռազմական օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Վերջին խոսքը չի ասվել, և Իսրայելական բանակի սկսած ռազմական օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար: Մենք կստիպենք «ՀԱՄԱՍ»-ին շատ թանկ վճարել, կանենք դա ու կշարունակենք անել շատ մեծ ուժով»,- ասել է Իսրայելի վարչապետը:

02:58

Իսրայելի ռազմաօդային ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայի հատվածում, ասված է Իսրայելի ԶՈւ պաշտոնական հաղորդագրությունում:

«Իսրայելի օդուժն ու ցամաքային զորքերը այս պահին հարձակման են անցել Գազայի հատվածում: Իսրայելի ԶՈւ կործանիչները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում առկա զենքի մի շարք պահեստների: Ժամեր առաջ օդուժը հարվածներ է հասցրել նաև «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորմանը և «Իսլամական ջիհադ»-ին պատկանող մի շարք շինությունների, որտեղ զենք է պահվել»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Al Jazeera-ի՝ Իսրայելի հարավում աշխատող թղթակիցը հաղորդում է, որ արդեն մեկ ժամ է, ինչ Գազայի ուղղությամբ աշխատում է իսրայելական հրետանին, և ծանր սպառազինություն տեղափոխող մեքենաներ են շարժվում դեպի իսրայելա-պաղեստինյան սահման:

Թղթակիցը, միաժամանակ, դժվարացել է հստակեցնել՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային հարձակման է անցել, թե՞ դրա հավանականության մասին են զգուշացնում: