Գազայի հատվածում Իսրայելի հրթիռային ու օդուժի հարվածներից պաղեստինցների շրջանում զոհերի թիվը հասել է 113-ի
Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածներից պաղեստինցների շրջանում զոհերի թիվը հասել է 113-ի:
Ինչպես հաղորդում է Al Jazeera-ի՝ Գազայի հատվածում աշխատող թղթակիցը, վերջին ժամերի հրթիռակոծության ու ավիահարվածների հետևանքով ևս 4 մարդ է զոհվել՝ մեկ կին և նրա երեք երեխաները: Զոհվածների մարմինները դուրս են բերել տեղի իշխանության ներկայացուցիչները, քանի որ ինտենսիվ հրթիռակոծության ու օդից ավիահարվածների պատճառով շտապօգնության ավտոմեքենաները տեղանքին մոտենալ չեն կարողացել:
Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել էր վերջին երեք օրում 109 մահվան դեպքի մասին, վիրավորների թիվը գերազանցում է 600-ը:
Այս պահին Գազայի հատվածի հոսպիտալներում արյան դոնորների կարիք կա, քանի որ վիրավորների թիվը բավական մեծ է, ինչը արյան անհրաժեշտ պաշարների սակավության խնդիր է առաջացրել: Մարդկանց տարհանումը շարունակվում է, քանի որ Իսրայելը ինտենսիվ հրթիռակոծությունն ու ավիահարվածները շարունակում է. պաղեստինցիները հիմնականում տանիք են փնտրում ՄԱԿ-ի դպրոցներում:










