Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու պաշտպանների միջնորդությունը

15:26 • 14.05.21

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվեց։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Tert.am-ը Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքով է միջնորդությունը մերժվել, սակայն պաշտպանը նշեց, որ դատավորի որոշումը դեռ չի տրամադրվել:

«Չի կարող իրականության մեջ որևէ հիմք լինել, որ հնարավորություն կտա խափանման միջոց կիրառել ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ՝ այս գործում նման փաստաիրավական իրավիճակում: Բոլոր միջոցներով հասնելու ենք նախագահի իրավունքների վերականգմանը»,- նշեց Մակինյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։

 

 

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու պաշտպանների միջնորդությունը