ԱՄՆ-ում պատվաստանյութի 2 դեղաչափ ստացած բնակիչներին թույլ են տվել դիմակներ չկրել և սոցիալական հեռավորություն չպահպանել

09:23 • 14.05.21

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) թույլ է տվել երկրի բնակիչներին, որոնք ամբողջովին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հրաժարվել դիմակներ կրելուց և սոցիալական հեռավորություն պահպանելուց:

Այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին, հաղորդում է CNBC-ն:

Ըստ այդմ՝ ամբողջովին պատվաստված մարդիկ կարող են վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին, որից ստիպված էին հրաժարվել համավարակի պատճառով:

Այնուամենայնիվ, Վալենսկին շեշտել է՝ պատվաստված ամերիկացիները պետք է շարունակեն դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը, եթե նման բան են պահանջում դաշնային կամ նահանգային օրենքները: Նրանք պետք է դիմակներ կրեն նաև հասարակական տրանսպորտում, օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:

Հիշեցնենք՝ CDC ստանդարտների համաձայն՝ պատվաստանյութի երկրորդ դեղաչափից երկու շաբաթ անց անձը համարվում է լիովին պատվաստված: ԱՄՆ-ում այժմ հաստատվել է երեք պատվաստանյութ՝ Pfizer և Moderna ընկերությունների դեղամիջոցը, որոնց համար անհրաժեշտ է երկու դեղաչափ, և Johnson & Johnson պատվաստանյութը, որը պահանջում է ընդամենը մեկ դեղաչափ:

Ըստ CDC-ի՝ մինչ այժմ ԱՄՆ-ում պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը ստացել է 154 միլիոն մարդ (բնակչության 46 տոկոսը): 117,6 միլիոն մարդ (բնակչության 35 տոկոսը) համարվում է ամբողջովին պատվաստված:

Սպիտակ տունը ակնկալում է, որ մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը, երկրում ամբողջությամբ պատվաստված մարդկանց թիվը կհասնի 160 միլիոնի:

 

 

 

ԱՄՆ-ում պատվաստանյութի 2 դեղաչափ ստացած բնակիչներին թույլ են տվել դիմակներ չկրել և սոցիալական հեռավորություն չպահպանել