Ռուսական DarkSide հաքերային խումբը, որը ենթադրաբար հարձակվել է ամերիկյան Colonial Pipeline-ի վրա, հայտնել է ինքնալուծարման մասին. The Wall Street Journal

13:58 • 15.05.21

DarkSide ռուսական հաքերային խումբը, որին ԱՄՆ-ն մեղադրում է երկրի խոշորագույն խողովակաշարերից մեկի՝ Colonial Pipeline-ի վրա հարձակման համար, հայտարարել է ինքնալուծարման մասին՝ ԱՄՆ կառավարության ճնշման պատճառով, հայտնում է The Washington Post-ը:

DarkSide-ում մանրամասնել են, որ իրենք կորցրել են որոշ սերվերների հասանելիությունը, որոնք մինչ այդ օգտագործվում էին համացանցային բլոգի և վճարումների համար:

«Հաշվի առնելով վերը նշվածը և ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումը՝ դուստր ձեռնարկության ծրագիրը փակված է: Մնացեք ապահով և հաջողություն ենք մաղթում»,- ասվում է ցանցահենների հաղորդագրության մեջ:

Հետաքննությունների դաշնային բյուրոն հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք ԱՄՆ կառավարությունը դեր է խաղացել DarkSideի-ի պաշտոնական կայքը դադարեցնելու գործում: DarkSide Leaks բլոգը ստվերային ցանցում անհասանալի է հինգշաբթի կեսօրից:

Միևնույն ժամանակ, անվտանգության որոշ փորձագետներ նախազգուշացրել են, որ խումբը կարող է պարզապես փորձել վերցնել իրենց պատկանող ֆինանսական միջոցները՝ թաքնվելով հասարակության աչքից:

Չնայած այն փաստին, որ Colonial Pipeline-ը վերսկսել է իր աշխատանքները, Միջին Ատլանտիկայում և ԱՄՆ-ի հարավ-արևելքում գտնվող բենզալցակայանները հաղորդել են բենզինի պակասի մասին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Colonial Pipeline ընկերությունը ցանցահեններին 5 միլիոն դոլար «փրկագին» է վճարել՝ իրենց համակարգչային ցանցի վերականգնման համար:

Նշենք՝ ավելի ուշ պարզ էր դարձել, որ DarkSide-ի ցանցահեններին հաջողվել է հաքերային հարձակման ենթարկել ևս չորս ընկերությունների: Գողացված տեղեկատվությունը պարունակում է կորպորատիվ էլեկտրոնային հասցեներ, ներքին փաստաթղթեր և աշխատակիցների անձնական տվյալներ:

 

Ռուսական DarkSide հաքերային խումբը, որը ենթադրաբար հարձակվել է ամերիկյան Colonial Pipeline-ի վրա, հայտնել է ինքնալուծարման մասին. The Wall Street Journal