Ամերիկացի սենատորը կմեկնի Իսրայել՝ տեղում գնահատելու անվտանգային իրավիճակը
Ամերիկացի սենատոր Թեդ Քրուզը (հանրապետական, Տեխաս) հայտնել է, որ առաջիկայում մտադիր է այցելել Իսրայել, որպեսզի տեղում գնահատի երկրի կարիքներն ազգային անվտանգության ապահովման հարցում: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է իր թվիթերյան էջում:
«Առաջիկա օրերին կմեկնեմ Իսրայել՝ հասկանալու համար, թե ինչի կարիք ունեն իրենց ազգային անվտանգության պաշտպանության համար, ինչը սերտորեն կապված է Ամերիկայի ազգային անվտանգության հետ»,- գրել է ամերիկացի օրենսդիրը:
Իսրայելի և Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման միջև փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են արդեն մի քանի օր և նոր թափ են ստացել շաբաթ: Իսրայելական օդուժը ավիահարվածներ է հասցրել ԳԱԶԱ-ի հատվածում մի շարք կառույցների ուղղությամբ, ինչին ի պատասխան ՀԱՄԱՍ-ի մարտական թևը շարունակում է հրթիռակոծել իսրայելական քաղաքները:










