Իսրայելը հրթիռային հարված է հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի ղեկավարի տանը
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Յախ Սինվարի տանը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ տունը հարվածի հետևանքով փլուզվել է, թե որտեղ է այդ պահին գտնվել պաղեստինցի պաշտոնյան, հայտնի չէ:
Իսրայելը հրթիռային հարված էր հասցրել նաև Սինվարի տեղակալի՝ Հալիլ ալ-Հայիի տանը, որը ևս փլուզվել է:
Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թևը ներկայացնող «Իզեդդին Ալ-Քասսամի բրիգադներ» խմբավորումը հայտնել է իսրայելական Աշկդոդ և Թել Ավիվ քաղաքների ուղղությամբ տասնյակ նոր հրթիռներ արձակելու մասին, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք սկսում ենք հրթիռային ուժգին հարվածներ հասցնել Թել Ավիվի և վերջինի արվարձանների ուղղությամբ, ինչպես նաև՝ տասնյակ հրթիռներ արձակել Աշդոդ քաղաքի ուղղությամբ՝ ի պատասխան «Ալ-Ջալյա» մզկիթի՝ հրթիռային հարվածից քանդմանն ու խաղաղ բնակիչների զոհվելուն»,- ասված է խմբավորման հաղորդագրությունում:
Ավելի վաղ պաղեստինյան կողմը հայտնել էր Թել Ավիվի հրթիռակոծումը երկու ժամով՝ մինչեւ կեսգիշեր դադարեցնելու մասին:










