Ուկրաինայում կոչ են արել պատրաստվել Պուտինի «վրեժխնդրությանը»

14:04 • 17.05.21

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Սվյատոսլավ Պիսկունն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում պետական դավաճանության մեղադրանքով «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկի դեմ հարուցված քրեական գործի համար երկրի իշխանություններին կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրեժխնդրությանը, փոխանցում է mk.ru-ն։

Նրա խոսքով՝ ուկրաինացի քաղաքական գործչի հետապնդման կապակցությամբ արձագանքը շատ չի ուշանա և «Մոսկվան, անկասկած, դրա համար պատասխան կտա»:

«Պուտինն անմիջապես ոչինչ չի ասի, ոչինչ չի անի։ Պուտինը հետախույզ է, նա կարող է սպասել և հանդուրժել։ Հավատացեք, նրան դա սովորեցրել են հատուկ բուհերում»,- ասել է Պիսկունը։

Նա հավելել է, որ հանրապետության գործող ղեկավարությունը, հավանաբար, կանտեսի իր նախազգուշացումը, չնայած Ռուսաստանի մոտ «20-միլիոնանոց բանակի» առկայությանը:

«Ես ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին կհանձնարարեի ուսումնասիրել, թե Պուտինի վրեժխնդրության դեպքում ինչպես կարելի է հակազդել»,- նշել է նա։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մայիսի 11-ին պետական դավաճանության և պետական ռեսուրսների յուրացման կասկածանքով Մեդվեդչուկի և նրա կուսակից Տարաս Կոզակի նկատմամբ մեղադրանք է առաջադրել: Պատգամավորներին մեղադրում են ռուսական հետախուզությանը գաղտնի տեղեկությունների փոխանցելու համար։

Վիկտոր Մեդվեդչուկը հայտնի է իր ռուսամետ հայացքներով և Ռուսաստանի նախագահի հետ ունեցած սերտ անձնական կապերով։ Մեդվեդչուկի դստեր կնքահայրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։

Ուկրաինայում կոչ են արել պատրաստվել Պուտինի «վրեժխնդրությանը»