«Միսս տիեզերք» մրցույթում Մյանմարի ներկայացուցիչը խնդրել է աղոթել իր երկրի համար (լուսանկար)

10:29 • 17.05.21

2020 թվականի «Միսս տիեզերք» մրցույթի Մյանմարի մասնակից Թուզար Ուինթ Լուին կոչ է արել բարձրաձայնել իր երկրում տեղի ունեցող բռնությունների մասին և բեմից խնդրել է աղոթել իր երկրի համար, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Գեղեցկուհին, մասնավորապես, կոչ է արել բարձրաձայնել ռազմական վերնախավի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները։

«Մեր ժողովուրդն ամեն օր մահանում և գնդակահարվում է ոստիկանական ուժերի կողմից։ Ես ուզում եմ բոլորին հորդորել խոսել Մյանմարի մասին։ Որպես «Միսս տիեզերք» մրցույթում Մյանմարի ներկայացուցիչ՝ ես խոսում եմ այնքան, որքան կարող եմ»,- մրցույթի համար նկարահանված հոլովակում ասել է Թուզար Ուինթ Լուին։

Ավելի ուշ, բեմում ներկայացնելով իր ազգային տարազը, նա հանդես է եկել «Աղոթի՛ր Մյանմարի համար» գրությամբ պաստառով։ Նշենք, որ գեղեցկուհին հաղթել է «Լավագույն ազգային տարազ» անվանակարգում։

Հիշեցնենք, որ փետրվարին Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ում կայացել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը․ բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին այս տարի արժանացել է Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան։

26-ամյա մոդելը, որը մրցույթի պատմության մեջ բաղձալի տիտղոսին արժանացած երրորդ մեքսիկուհին է, մասնագիտությամբ ծրագրավորող է և հաճախ է բարձրաձայնում գենդերային անհավասարության մասին։

Ma Thuzar Wint Lwin, Miss Universe Myanmar, holds the "Pray for Myanmar" sign during Miss Universe pageant's national costume show, in Hollywood, Florida, U.S., May 13, 2021 in this screengrab taken from a handout video. Courtesy MISS UNIVERSE/Handout via REUTERS

«Միսս տիեզերք» մրցույթում Մյանմարի ներկայացուցիչը խնդրել է աղոթել իր երկրի համար (լուսանկար)