Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ, որը մտահոգություն է հայտնել հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկեր երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա:
Նախագահ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:
Ինչպես փոխանցում է Բելառուսի նախագահ մամուլի ծառայության թելեգրամյան ալիքը, կողմերը քննարկել են Հայաստանի և Բելառուսի տարածքում տիրող ներքին իրավիճակը:
«Կարծիքներ են փոխանակվել արդիական օրակարգի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ: Հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը` քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:










