ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդները գտնվում են Իսրայելի տեսադաշտում. ՑԱԽԱԼ-ը հրադադարի մասին չի խոսել. The Times of Israel

13:10 • 18.05.21

Իսրայելի Պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Հիդայ Զիլբերմանն այսօր հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բոլոր առաջնորդները գտնվում են հրեական պետության տեսադաշտում:

Այս մասին գրում է The Times of Israel-ը, նշելով՝ նման ձևով նա պատասխանել է այն հարցին՝ արդյոք իսրայելցի զինվորականները «պատրաստվում են ոչնչացնել Գազայի հատվածում իշխող ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ղեկավարներին»:

«Մենք փորձում ենք հարվածել նրանց: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի այդ անել»,- ասել է ՑԱԽԱԼ-ի խոսնակը:

Առանձին հարցազրույցում Զիլբերմանն ասել է, որ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոhավին նախապես նախանշել է իր ցուցումները և առաջիկա 24 ժամվա ընթացքում կատարվելիք ռազմական գործողությունների նպատակները:

«ՑԱԽԱԼ-ը չի խոսել հրադադարի մասին»,- շեշտել է նա:

Հիշեցնենք՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը` երեխա և 34-ը` կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

 

ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդները գտնվում են Իսրայելի տեսադաշտում. ՑԱԽԱԼ-ը հրադադարի մասին չի խոսել. The Times of Israel