Մեքսիկայում ավտոֆուրգոնում 9 մարդու մարմին է հայտնաբերվել

11:40 • 18.05.21

Մեքսիկայի Միչոական նահանգում, ավտոֆուրգոնի մեջ հայտնաբերվել է 9 մարդու մարմին, իշխանությունները հետաքննություն են սկսել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տեղի գլխավոր դատախազությանը:

Դիակները հայտնաբերվել են երկուշաբթի Սիտակուարո շրջանում: Դեպքի վայր ժամանած հանցագործությունների հետաքննության վարչության մասնագետները հաստատել են, որ փոխադրամիջոցում առկա է 8 տղամարդու և 1 կնոջ մարմին, ենթադրաբար՝ հրազենային վնասվածքներով: Դրանք հանձնվել են դատաբժիշկներին՝ պարզելու մահվան պատճառը: Զոհերի ինքնությունը հայտնի չէ:

«Գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննությունը փաստերը պարզելու և հանցագործներին բացահայտելու նպատակով»,- ասված է դատախազության հայտարարության մեջ:

Ըստ Universal թերթի, նախնական տվյալներով, սպանության հետևում կարող է կանգնած լինել La Familia Michoacana նարկոկարտելը, որի «միջնաբերդը» Միչոական նահանգն է:

Մեքսիկայում ավտոֆուրգոնում 9 մարդու մարմին է հայտնաբերվել