«Մալդիվները կարող է անհետանալ այս դարավերջին․ մենք ողջ չենք մնա»․ երկրի շրջակա միջավայրի նախարարն աշխարհին կոչ է արել պայքարել կլիմայի փոփոխության դեմ
Եթե աշխարհը կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար արագ և համակարգված քայլեր չձեռնարկի, Մալդիվները կարող է անհետանալ այս դարավերջին, CNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիաների նախարար Ամինաթ Շոնան։
Նրա խոսքով՝ եթե շրջակա միջավայրին շարունակվի «նույն տեմպերով վնաս հասցվել», ապա 2100 թվականին «երկիրն այլևս գոյություն չի ունենա»։
«Մենք ողջ չենք մնա։ Կլիմայի փոփոխությունն իրական է, և մենք աշխարհի ամենախոցելի երկիրն ենք։ Մենք ցամաք չունենք, մեր երկիրը կղզիներից և ծովից է բաղկացած։ Մեր երկրի ապագան, մեր ժողովրդի ապագան, մեր մշակույթի ապագան կախված է մեր այսօրվա գործողություններից»,- ասել է նա։
Համաշխարհային տնտեսական համաժողովը հաշվարկել է, որ մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխությունը կազդի աշխարհում մարդկանց 80 տոկոսի վրա, իսկ գիտնականները ենթադրում են, որ մինչև 2100 թվականը ծովի մակարդակը կարող է բարձրանալ 1,1 մետրով։










