ՄԱԿ-ը Գազայի հատվածում առաջին օգնություն ցուցաբերելու համար 37 միլիոն դոլար հանգանակության կարիք ունի

17:20 • 19.05.21

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը 37 միլիոն դոլար հանգանակության կարիք ունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին առաջին օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Գործակալության տնօրեն Մաթիաս Շմալեն մամուլի ասուլիսի ընթացքում միջազգային հանրությանը խնդրել  է 37 միլիոն դոլար նվիրաբերել Գազային օգնություն ցուցաբերելու նպատակով՝ հատկապես ներքին տեղահանված մարդկանց համար։ Նա նաև հավելել է, որ հակամարտության առաջին 8 օրվա ընթացքում ՄԱԿ-ի գործակալությունը մարդասիրական օգնություն չի տրամադրել։ Միայն երեքշաբթի է բեռնատար մեքենաներին թույլատրվել մտնել Գազայի անկլավ։

«Հաջորդ օրերին մենք աշխատելու ենք անվտանգ մարդասիրական միջանցքներ ունենալու ուղղությամբ», - նշել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության տնօրենը։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:

 

ՄԱԿ-ը Գազայի հատվածում առաջին օգնություն ցուցաբերելու համար 37 միլիոն դոլար հանգանակության կարիք ունի