Եթե ընտրություններում Նիկոլ Փաշինյանը արձանագրի հաջողություն, Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հոգեբանական հարվածին չի դիմանա, ինֆարկտ կստանա․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

14:11 • 19.05.21

Սյունիքում իրավիճակի լուծումը պատկերացնում եմ բանակցությունների ճանապարհով, ՀԱՊԿ-ում մեր ունեցած կարգավիճակի և ՀԱՊԿ-ի գործունեության շրջանակներում։ Բայց հաշվի առնելով մեր հարևանների սադրիչ կեցվածքը՝ չի բացառվում նաև ուժի կիրառումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին և հետագա հանգուցալուծման եղանակներին։

Աղազարյանը գտնում է, որ ամեն ինչ պետք է արվի, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։

Հարցին՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանների պարագայում հնարավոր է որոշակի զիջումներ, Աղազարյանը պատասխանեց․

«Այս պահին Ադրբեջանի կողմից պայմաններ առաջ չեն քաշվում։ Իրենց քարտեզներով դա համարվում է իրենց տարածքի մի մասը, բայց համադրելով մեր մոտ եղած քարտեզները և հատկապես 102-րդ ռուսական ռազմաբազայում եղած քարտեզները, հստակեցված է, որ դա հայկական տարածք է»։

Խոսելով չկահավորված սահմանների մասին`Աղազարյանը դա բացատրեց հետպատերազմյան իրողությամբ և նոր սահմաններով․ «Պատերազմից հետո մենք նոր սահման ենք արձանագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը մինչ այդ կահավորված չի եղել անհրաժեշտ մակարդակով և կարճ ժամակամիջոցում դա անելը հնարավոր չի եղել, մենք հավանաբար թերացել ենք կամ չենք հասցրել կահավորել, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը իրեն իրավունք պետք է վերապահի նման քայլեր անելու։ Ես հայտարարել եմ, որ չեմ համարում սա պարտություն, այլ  ցավալի իրողությունների արձանագրում, իսկ Ալիևի կեցվածքը վկայում է այն մասին, որ իրենք գոհ չեն պատերազմի արդյունքներից։ Մինսկի խմբի շրջանակներում, այո, ես կարծում եմ` մենք կարող ենք վերականգնել մեր կորուստները»։

Անդրադառնալով ընտրական գործընթացին և ընտրություններին ՀԱԿ-ի մասնակացությանը` Աղազարյանը ընդգծեց, որ անկախ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ ունեցած իր վերաբերունքից, նա ողջունում է ՀԱԿ-ի մասնակցությունը ընտրություններին։

«Եթե ընտրություններում Նիկոլ Փաշինյանը իր թիմով արձանագրի հաջողություն, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հոգեբանական հարվածին չի դիմանա, ինֆարկտ կստանա, որովհետև ինքը իրենից բացի ոչ ոքի չի տեսնում։ Լևոն Տեր-Պետրոսյանը և նախկին երկու նախագահները կարող էին ժամանակին լուծել բոլոր հարցերը մեզ համար նպաստավոր պայմաններով։ Մեր պարտության սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ Արցախի մեր հայրենակիցների ազգային-ազատագրական շարժումը վերածվեց հայ ադրբեջանական կոնֆլիկտի, մեր անհաջողությունների արմատները այդտեղից են գալիս»,- ասաց Աղազարյանը:

Եթե ընտրություններում Նիկոլ Փաշինյանը արձանագրի հաջողություն, Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հոգեբանական հարվածին չի դիմանա, ինֆարկտ կստանա․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)