Բայդենն ու նրա վարչակազմը կոչ են արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները․ Daily Mail (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու նրա վարչակազմը կոչ են արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դադարեցնել Գազայի ռմբակոծությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պաղեստինցիների շրջանում զոհերի թվի ավելացման ֆոնին աճել է Բայդենի վրա գործադրվող ճնշումը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների:
Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն իսրայելցիներին հայտնել են, որ իսրայելական կողմին ձեռնտու է շուտափույթ դադարեցնել գործողությունները։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկին, սակայն նրան կրակը դադարեցնելու կոչ չի արել։
Երեքշաբթի ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը մարտահրավեր է նետել Բայդենի վարչակազմին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն բազմիցս արգելափակում է հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողությունները և ասել․ «Եթե Բայդենի վարչակազմը կարողանա ճնշում գործադրել՝ վերջ տալու մեր ժողովրդի նկատմամբ ագրեսիային, ոչ ոք չի պատրաստվում նրանց ճանապարհին կանգնել»։
Սպիտակ տունը մինչ այժմ, սակայն, դիմադրում էր Նեթանյահուի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու կոչերին: Աղբյուրը նշել է, որ, Սպիտակ տան հաշվարկով, Նեթանյահուն չի արձագանքի միջազգային բանաձևերին կամ ԱՄՆ-ի կողմից հնչող պահանջներին և լուծումը կուլիսների ետևում գործելն է։ Նա հավելել է, որ իսրայելական կողմը հայտնել է առաջիկա օրերին ռազմական գործողությունների ավարտի հնարավորության մասին։
Հայտնի է, որ Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելին ճնշելու արշավն սկսվել է այս շաբաթ դեմոկրատների կողմից։ Նրանք Բայդենից պահանջել են հետաձգել Իսրայելին 735 միլիոն դոլար արժողությամբ հրթիռների վաճառքը։
Սպիտակ տան վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում ավելին անելու նպատակով գործադրվող ճնշումը կապված է ամերիկաբնակ արաբների կողմից Բայդենի դատապարտմամբ։
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:






















