Իսպանիայի Սեուտա կիսանկլավում ներգաղթյալների թիվը հասել է 8000-ի. Իսպանիան մոբիլիզացրել է բանակը

10:50 • 19.05.21

Իսպանիայի Սեուտա կիսանկլավում երկու օրվա ընթացքում ապօրինի ներգաղթյալների թիվը հասել է 8000-ի, որոնցից 1500-ը՝ անչափահաս, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է կարգուկանոն հաստատել։

Իսպանիան տեղեկացրել է, որ ներգաղթյալների մոտ կեսն ուղարկվել է Մարոկկո։

Ճգնաժամը կարգավորելու նպատակով Իսպանիայի վարչապետը մեկնել է Սեուտա և Մելիլա կինանկլավներ, ինչն էլ սրել է դիվանագիտական լարվածությունը Մարոկկոյի հետ։

Իսպանիայի արտաքին գործերի նախարարը կատարվածի վերաբերյալ իր «գարշանքն» է հայտնել Մարոկկոյի դեսպանին, ինչից հետո դեսպանը հետ է կանչվել՝ խորհրդակցության նպատակով։

Անկլավում, որտեղ կա շուրջ 80 հազար բնակիչ, սահմանային ուժերի թիվը 1100 է, որին, Իսպանիայի ներքին գործերի նախարարի փոխանցմամբ, պատրաստվում են աջակցել 200 զինծառայող և ոստիկանության 200 ներկայացուցիչ։

Ապօրինի ներգաղթյալների հոսքի ֆոնին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը գրել է․ «Իսպանիայի սահմանները Եվրամիության սահմաններն են»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Իսպանիան ապօրինի գաղթականների հոսքի պատճառով մոբիլիզացրել է բանակը և ոստիկանությունն Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող ինքնավար Սեուտա քաղաքում։

Նշենք՝ Սեուտան աֆրիկյան մայրցամաքում գտնվող Իսպանիայի կիսանկլավ է: Այն ունի ինքնավար քաղաքի կարգավիճակ: Իր աշխարհագրական դիրքի ֆոնին Սեուտան հաճախ բախվում է ապօրինի միգրացիայի խնդրին:

Իսպանիայի Սեուտա կիսանկլավում ներգաղթյալների թիվը հասել է 8000-ի. Իսպանիան մոբիլիզացրել է բանակը