Թուրք քաղաքական գործիչը Նեթանյահուին «Էրդողանի իսրայելական տարբերակ» է անվանել

13:06 • 19.05.21

Թուրքիայի աջակենտրոն «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «իսրայելական տարբերակն» է՝ արժանանալով Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության զայրույթին, հայտնում է Ahval թերթը։

Անդրադառնալով մարտին Իսրայելում անցկացված ընտրություններին՝«Լավ կուսակցության» առաջնորդն ասել է, որ Իսրայելի վարչապետն «ինչ-որ առումով պարոն Էրդողանի իսրայելական տարբերակն է»:

Նա նշել է, որ Նեթանյահուն չի դադարեցնում պաղեստինցիների կոտորածները՝ իր աթոռը պահպանելու և քաղաքական հակառակորդներին վերացնելու նպատակով։ Մերալ Աքշեների խոսքերը հնչել են այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հորդորում է միջազգային աջակցություն ցուցաբերել Պաղեստինին։ Էրդողանը նախկինում Նեթանյահուին անվանել էր «գող», «բռնակալ» և «ահաբեկիչ»։

Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլն Աքշեներին հորդորել է ներողություն խնդրել նմանության համար, մինչդեռ Էդողանի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Ֆահրեթթին Ալթունն ասել է, որ Թուրքիայի նախագահին «արյունոտ ձեռքերով մարդասպանին» նմանեցնելը քաղաքականություն վարելու ձև չէ:

Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ, իր հերթին, նշել է, որ երկու ղեկավարների անունները մեկ նախադասության մեջ ընդգրկելը կերջանկացնի սիոնիստներին։

Թուրք քաղաքական գործիչը Նեթանյահուին «Էրդողանի իսրայելական տարբերակ» է անվանել