Գազայի հատվածում հրթիռակոծության հետևանքով լրագրող է սպանվել
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թվում նաև պաղեստինցի լրագրող է եղել: Այս մասին հաղորդում է BBC News-ը, հղում անելով պաղեստինյան աղբյուրին:
ՀԱՄԱՍ-ին պատկանող Al-Aqsa Voice ռադիոկայանի լրագրող Յուսեֆ Աբու Հուսեյնը սպանվել է Գազայի հյուսիսային Շեյխ Ռադվան շրջանի մոտակայքում գտնվող տան ռմբակոծության ժամանակ:
Ավիահարվածի հետևանքով ևս երեք մարդ է մահացել Ռիմալ արևմտյան շրջանում, որտեղ ևս տուն է թիրախավորվել:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը` երեխա և ավելի քան 34-ը` կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12 է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին:
Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:










