Անտարկտիդայում անջատվել է աշխարհում ամենամեծ սառցաբեկորը
Անտարկտիդայի արևմուտքում վիթխարի սառցաբեկոր է անջատվել Ռոննե շելֆային սառցադաշտից՝ Ուեդելի ծովում: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ԵՏԳ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այսբերգի մակերեսը, որը ստացել է A-76 նշանակումը, կազմում է շուրջ 4 320 քառակուսի կիլոմետր, ինչն այժմ այն դարձնում է ամենամեծն աշխարհում: Այն ունի շուրջ 170 կիլոմետր երկարություն և 25 կիլոմետր լայնություն: Չափերով այն փոքր-ինչ գերազանցում է Իսպանիայի Մալյորկա կղզուն»,- ասվածէ ԵՏԳ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Այսբերգը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի անտարկտիկական ծառայության կողմից վերջերս ստացված լուսանկարներով, որոնք արվել են Երկիր մոլորակի դիտարկման Sentinel-1 եվրոպական արբանյակի միջոցով: Գործակալության տվյալներով՝ նախորդ ռեկորդը պատկանում էր 3880 քառակուսի կիլոմետր մակերեսով A-32A այսբերգին, որը նույնպես գտնվում է Ուեդելի ծովում:











