Իսրայելը պաղեստինյան ուժերի դեմ գործողություններ իրականացնելու համար ԱՄՆ-ից ռազմական լրացուցիչ օգնություն չի խնդրել. Պենտագոն

01:13 • 19.05.21

Իսրայելը պաղեստինյան ուժերի դեմ գործողություններ իրականացնելու համար ԱՄՆ-ից ռազմական լրացուցիչ օգնություն չի խնդրել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:

«Իսրայելը ռազմական լրացուցիչ օգնություն ստանալու հարցով մեզ չի դիմել: Մենք, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ աջակցում ենք Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը: Ինչպես գիտեք, մենք ռազմական ամուր հարաբերություններ ունենք Իսրայելի հետ, և նրանք այս իմաստով որևէ փոփոխություն չեն նկատել մեր կողմից»,- ասել է Քիրբին:

Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Իսրայելը պաղեստինյան ուժերի դեմ գործողություններ իրականացնելու համար ԱՄՆ-ից ռազմական լրացուցիչ օգնություն չի խնդրել. Պենտագոն