«ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը». Լավրով

09:44 • 19.05.21

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուզում եմ ասել, որ երեկ մենք ոչ ֆորմալ ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը»,- այսօր Դուշանբեում Տաջիկստանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է Լավրովը: 

«Այս խնդրանքին համապատասխան, մենք քննարկել ենք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների առնչությամբ»,- շեշտել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան:

Լավրովը բանակցություններ է վարելու ՀԱՊԿ-ում նախագահող Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ և մասնակցելու է մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո առաջին անգամ է անցկացվելու «դեմ առ դեմ» ձևաչափով:

Հիշեցնենք, որ լույս մայիսի 12-ի գիշերն Ադրբեջանի Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, նմանատիպ ներթափանցումներ եղել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ ուղղություններում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մի քանի այլ փորձեր էլ կանխվել են: Մինչ այս պահն ադրբեջանական կողմի հետ, այդ թվում` ռուսական կողմի մասնակցությամբ ընթացած բանակցություններն արդյունք չեն տվել. ՀՀ տարածք մտած ադրբեջանական ուժերի հիմնական մասը դեռևս չի կատարում ՀՀ տարածքից անհապաղ դուրս գալու՝ Հայաստանի կողմից հնչեցված պաշտոնական պահանջը:

Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել:

«Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,- շեշտված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

«ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը». Լավրով