«Դա մեծ պատիվ կլինի, թեև գիտեմ, որ ինձ դավաճան կկոչեն». Ռեյգանի խորհրդականը Պուտինից ՌԴ քաղաքացիություն է խնդրել. Newsweek

11:01 • 19.05.21

Ամերիկացի պատմաբան Սյուզան Մեսին, որը ժամանակին եղել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի`«սառը պատերազմի» տարիներին ԽՍՀՄ գծով խորհրդականը, դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` այդ երկրի քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

Այս մասին հաղորդում է Newsweek-ը` մանրամասնելով, որ 90-ամյա նախկին խորհրդականը 1980-ականներին Ռեյգանին խորհրդատվություն է ապահովել ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի հետ շփումների ընթացքում:

Հատկանշական է, որ նա Ռեյգանին սովորեցրել է ռուսական հայտնի մի ասացվածք` доверяй, но проверяй (վստահիր, բայց ստուգիր), որը ԱՄՆ նախագահին շատ է դուր եկել, և նա այն բազմից կիրառել է իր ելույթներում:

Հայտնի է, որ իր վերջին հարցազրույցում Մեսին քննադատել է Միացյալ Նահանգների գործող վարչակազմին, ամերիկյան լրատվամիջոցներին և գովել Պուտինին:

«Ամերիկացի ժողովուրդը Պուտինի մասին ոչինչ չգիտի: Նրանք միայն գիտեն այն, ինչ կարդում են թերթերում: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես երջանիկ կլինեմ դառնալ ՌԴ քաղաքացի, դա մեծ պատիվ կլինի, թեև գիտեմ, որ ինձ դրա համար դավաճան կկոչեն»,-ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է կինը:

Մինչդեռ ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ամերիկուհու դիմումի վերաբերյալ տեղեկություն չունի:



 

«Դա մեծ պատիվ կլինի, թեև գիտեմ, որ ինձ դավաճան կկոչեն». Ռեյգանի խորհրդականը Պուտինից ՌԴ քաղաքացիություն է խնդրել. Newsweek