Իրանում ծնողներն ամուսնացած չլինելու պատճառով սպանել են իրենց 47-ամյա որդուն՝ ավելի ուշ խոստովանելով նաև դստեր և փեսայի սպանությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Իրանում ծնողներն իրենց որդու հետ վիճաբանությունից հետո սպանել և մասնատել են նրա մարմինը, իրանական լրատվամիջոցներին հղումով գրում է Mirror-ը՝ նշելով, որ զոհը՝ կինոռեժիսոր Բաբակ Խորամդինը, որը 2010-ից բնակվում և մասնագիտական գործունեություն էր ծավալում Լոնդոնում, ուսանողներին դասավանդելու նպատակով վերջերս էր ժամանել Իրան։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ սպանությունը կատարվել է հոր և որդու միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո, որի ընթացքում «հայրը որդու վրա բարկացել է 47 տարեկանում ամուսնացած չլինելու համար»։
Ոստիկանության հաղորդմամբ՝ Խորամդինի մասնատված մարմինը հայտնաբերվել է Թեհրանի արվարձանում՝ աղբի պարկերում և ճամպրուկում:
Թեհրանի քրեական դատարանի ներկայացուցիչը հայտնել է՝ հայրը, որը կնոջ հետ ձերբակալված է, խոստովանել է՝ ինքն է «դանակահարել որդուն, մասնատել նրա մարմինը և աղբարկղը նետել»։
Ընդ որում, նախօրեին կանգնելով դատարանի առջև, ռեժիսորի հայրը հայտարարել է՝ «չի զղջում իր արարքի համար»։
Հատկանշական է, որ Խորամդինի ծնողները խոստովանել են ոչ միայն իրենց որդու սպանությունը, այլև 3 տարի առաջ իրենց դստեր և 10 տարի առաջ իրենց փեսայի սպանությունը, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։













