Մերկելը պատմել է Բայդենի` Գերմանիային ընդառաջ արած քայլի մասին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը «Հյուսիսային հոսք»-ի շուրջ տարաձայնությունների կապակցությամբ ընդառաջ քայլ է արել Գերմանիային․ Բեռլինն ու Վաշինգտոնը կշարունակեն ՌԴ-ի հետ նախագծի և հարաբերությունների շուրջ երկխոսությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ria.ru-ն։
«Իհարկե, նախագահ Բայդենը մեզ ընդառաջ քայլ է արել «Հյուսիսային հոսք»-ի շուրջ տարաձայնության հարցում, որտեղ մեր հայացքները չեն համընկնում: Մենք կշարունակենք Ռուսաստանի հետ հարաբերություններում անհրաժեշտ ընդհանուր դիրքորոշումների մասին երկխոսությունը»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսի համար իր զեկույցում հաստատել էր, որ Nord Stream 2 AG օպերատորի և նրա ղեկավար Մաթիաս Վարնիգի դեմ պատժամիջոցներ չի սահմանի։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի ուշ այդ որոշումը բացատրել էր ԱՄՆ ազգային շահերով:










