TikTok-ի սեփականատեր ByteDance-ի համահիմնադիրը կլքի տնօրենի պաշտոնը, քանի որ «մարդկանց ղեկավարելն իրեն չի հետաքրքրում»
TikTok հավելվածի սեփականատեր հանդիսացող չինական ByteDance ընկերության համահիմնադիր Ժանգ Յիմինգը հայտարարել է գլխավոր տնօրենի պաշտոնը լքելու մասին: Այդ մասին ասվում է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Գործարարը հայտարարել է, որ չունի «որոշ հմտություններ», որոնք անհրաժեշտ են տնօրենի պաշտոնը զբաղեցնողին, ուստի ընկերությունում այսուհետ կզբաղեցնի ավելի ցածր պաշտոն, իսկ գլխավոր տնօրենի պաշտոնը կփոխանցվի ByteDance-ի մյուս համահիմնադիր Լյան Ռուբոյին։
«Ճշմարտությունն այն է, որ ես չունեմ որոշ հմտություններ, որոնք ինձ կատարյալ տնօրեն կդրաձնեն: Ինձ ավելի շատ հետաքրքրում է կազմակերպչական և շուկայական սկզբունքների վերլուծությունը, այլ ոչ թե մարդկանց ղեկավարելը: Բացի այդ, ես շփվող չեմ և նախընտրում եմ մեկուսի կյանք վարել՝ շփվել առցանց, ընթերցանությամբ զբաղվել, երաժշտություն լսել և երազել»,- ասված է նրա հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Յիմինգը պաշտոնը կլքի 2021 թվականի վերջին։
Հիշեցնենք, որ Forbes-ն այս տարի Յիմինգի կարողությունը գնահատել էր 35ՙ6 միլիարդ դոլար։










