Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և սահմանազատման շուրջ. Ալիև
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և սահմանազատման շուրջ: Այս մասին նա խոսել է «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:
«Հայաստանի հասարակությունը պետք է համակերպվի նոր իրողության հետ: Մենք արդեն առաջարկ ենք արել, սակայն Հայաստանի իշխանությունը չի պատասխանել: Ես բազմիցս ասել եմ, որ պատրաստ ենք սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ՝ վերջ դնելու պատերազմին, հավանական ռազմական առճակատմանը: Մենք պետք է խաղաղության պայմանագիր ունենանք, մենք պետք է Հայաստանի հետ սահմանազատում իրականացնենք»,- ասել է Ալիևը:
«Խաղաղության պայմանագիրը ենթադրում է երկու երկրի տարածքային ամբողջականության ճանաչման վերականգնում: Եվ մենք պատրաստ ենք դա անել: Մենք պատրաստ ենք հրապարակավ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և Հայաստանն, իհարկե, պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգային սահմաններով: Ինչպես գիտեք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է: Այդպես եղել է օկուպացիայի ժամանակ և այդպես է հիմա և միշտ այդպես կլինի: Այդ այն հարցը չէ, որը պետք է քննարկվի»,- հավելել է Ալիևը՝ դիմելով խորհրդաժողովի մասնակիցներին:










