«ՌԴ-ն, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ կլինի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման հարցերում». ՌԴ փոխարտգործնախարար
Ռուսաստանը մեծ փորձ է կուտակել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերում և պատրաստ է այդ հարցերի շուրջ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին:
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի համաժողովի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը պատրաստ կլինի, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացում: Մենք մեծ աշխատանքներ ենք տարել Ղազախստանի, Չինաստանի և այլ երկրների սահմանների երկայնքով սահմանազատումներ իրականացնելու ուղղությամբ: Մենք կուտակել ենք նման աշխատանքի փորձ: Հետևաբար, մենք պատրաստ ենք մասնակցել, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բոլոր կողմերի համապատասխան խնդրանքի ու համաձայնության դեպքում»,- շեշտել է Ռուդենկոն:
Բացի այդ, պաշտոնյան նշել է՝ սահմանազատման ու սահմանագծման խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում առաջարկել է օգնություն տրամադրել Բաքվին և Երևանին սահմանային իրավիճակի կարգավորման հարցում և հանդես է եկել հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝ սահմանի սահմանագծման և սահմանազատման առնչությամբ, որին Ռուսաստանի Դաշնությունը կարող է մասնակցել որպես խորհրդատու կամ միջնորդ: Պատասխանելով այն հարցին, թե կողմերն արդյոք արձագանքել են առաջարկին, Ռուդելոն նշել է՝ մինչ այժմ «ինքը տեղյակ չէ նրանց արձագանքի մասին»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս մայիսի 12-ի գիշերն Ադրբեջանի Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, նմանատիպ ներթափանցումներ եղել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ ուղղություններում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մի քանի այլ փորձեր էլ կանխվել են: Մինչ այս պահն ադրբեջանական կողմի հետ, այդ թվում` ռուսական կողմի մասնակցությամբ ընթացած բանակցություններն արդյունք չեն տվել. ՀՀ տարածք մտած ադրբեջանական ուժերի հիմնական մասը դեռևս չի կատարում ՀՀ տարածքից անհապաղ դուրս գալու՝ Հայաստանի կողմից հնչեցված պաշտոնական պահանջը:
Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել:
«Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,- շեշտված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:










