Կոլումբիայում հակակառավարական ակցիաները շարունակվում են․ զոհերի թիվը պաշտոնապես հասել է 15-ի

10:16 • 20.05.21

Կոլումբիայում 4-րդ շաբաթն անընդմեջ շարունակվում են հակակառավարական ակցիաները, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ մարդիկ փողոց են դուրս եկել կառավարության և գործադուլների առաջնորդների միջև ընթացող քննարկումների ֆոնին սոցիալական փոփոխություններ պահանջելու։

Մայրաքաղաք Բոգոտայում ցուցարարների թիվը հասել է մոտ 8 հազարի. նրանք պահանջում են նաև կրթական բարեփոխումներ։

Հայտնի է, որ ցուցարարների բողոքները երկու հիմնական ոլորտի են վերաբերվում՝ սոցիալական և անվտանգության։

Կոլումբիայում հակակառավարական ցույցերը սկսվել են անցյալ ամիս՝ նախագահ Իվան Դուկեի կողմից կառավարությանը ներկայացված հարկային բարեփոխումների մասին օրինագծի ֆոնին, որը, ըստ քննադատների, անհամաչափ վնաս է հասցնելու միջին խավին, որն արդեն բախվել է կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով առաջացած դժվարություններին։

Հակառակ նրան, որ նախագահը հետ է կանչել օրենքի նախագիծը, բողոքի ակցիաները շարունակվում են, որոնց ընթացքում զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, հասել է 15-ի։ Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերից մեկի հաշվարկով՝ այն անցնում է 40-ը։

Բռնությունների համար Կոլումբիայի նախագահը մեղադրել է զինված խմբավորումներին, իսկ ՄԱԿ-ն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են Կոլումբիայի ոստիկանությանը՝ ցուցարարների վրա «կրակ բացելու» համար։

Ակնկալվում է, որ կառավարության և գործադուլների առաջնորդների միջև քննարկումները կշարունակվեն այսօր:

Կոլումբիայում հակակառավարական ակցիաները շարունակվում են․ զոհերի թիվը պաշտոնապես հասել է 15-ի