«Ադրբեջանը չի կարող անպատիժ մնալ». ԵԽ պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել այդ երկրի վրա

17:26 • 20.05.21

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները չեն կարող որակվել որպես հանցագործներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանն ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ, բելգիացի պատգամավոր Թոմ Վանդենքենդելարը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակվում է: Այն մտահոգության լուրջ առիթ է Եվրամիության համար, մասնավորապես ռազմագերիների հայրենադարձման հարցի տեսանկյունից: Մեծ է անորոշությունը ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ»,- նշել է բելգիացի խորհրդարանականը:

Նշելով, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ԵՄ արևելյան քաղաքականության գործընկերներն են՝ Վանդենքենդելարը շեշտել է. «Մենք պետք է բավական ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, նրանք չեն կարող անպատիժ մնալ»:

Մասնավորապես, նա հորդորել է հետաքննություն իրականացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումների փաստերի շուրջ: Պատգամավորը հայտարարել է, որ պետք է քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և «այս անընդունելի իրավիճակին վերջ տալու նպատակով»:

 

«Ադրբեջանը չի կարող անպատիժ մնալ». ԵԽ պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել այդ երկրի վրա