«Օկուպանտների դեմ պաղեստինցիների դիմադրությունը քարերի ինթիֆադայից վերածվել է հրթիռների ինթիֆադայի»․ Իրանի ՊՆ
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին դատապարտել է Իսրայելի կողմից Գազայի անպաշտպան բնակչության դեմ իրականացվող գործողությունները՝ ասելով, որ «օկուպանտների դեմ պաղեստինցիների դիմադրությունը քարերի ինթիֆադայից (պաղեստինյան ապստամբություն կամ դիմադրական շարժում) վերածվել է հրթիռների ինթիֆադայի», հայտնում է իրանական Tehran Times թերթը։
Այս մասին իրանցի նախարարն ասել է Սիրիայի ներքին առևտրի հարցերով նախարարի տեղակալ Ժամալ Իբրահիմ Շուեյբի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ժամալ ալ Օմարի հետ հանդիպման ընթացքում։
Հաթամին նշել է, որ պաղեստինցիները ոգևորված են իմպերիալիստների և սիոնիստական ռեժիմի աջակցությունը վայելող թաքֆիր-ահաբեկչական (թաքֆիրը մուսուլմանն է, որը մեկ այլ մուսուլմանի հայտարարում է անհավատ-խմբ) խմբերի դեմ պատերազմի ընթացքում սիրիացիների հաստատակամությունից և դիմադրությունից։
«Պաղեստինցի մոջահեդները ոչ միայն տապալել են այս ուզումպատոր և ոչ լեգիտիմ ռեժիմի աղետաբեր նպատակները, այլև այս հերոս ազգը, քարե ինթիֆադայից հրթիռային ինթիֆադայի անցնելով, «Նեղոսից մինչև Եփրատ» երազանքը վերածել է սիոնիստական ռեժիմի ահաբեկչական կայազորի պահպանման համար մղձավանջի», - ասել է նախարարը։
Նա հավելել է, որ Իրանը կանի ամեն բան Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման ու երկրի վերակառուցման համար։
«Պաշտպանության նախարարության տնտեսական համալիրները, իրանական մասնավոր հատվածի հետ, պատրաստ են ցանկացած համագործակցության և օժանդակության՝ մեր սիրելի ընկեր և եղբայր Սիրիայի վերակառուցման և կարիքների բավարարման գործում», - նշել է Հաթամին և հավելել, որ այդ հարցում ջանք չեն խնայի։










