Իսրայելցիները կողմ են Պաղեստինի դեմ ռազմական գործողությունները շարունակելուն. սոցհարցում
Իսրայելի քաղաքացիների շրջանում անցկացված հարցումներից մեկը, որն այսօր ՝ մայիսի 20-ին, ներկայացրել է տեղական 12-րդ ալիքը, ցույց է տալիս, որ իսրայելցիների մեծամասնությունը «չի կարծում, որ այժմ պետք է Գազայի հատվածում բանակցություններ վարել հրադադարի մասին»: Այս մասին գրում է EADaily լրատվականը:
Հասարակական կարծիքի գնահատման համաձայն՝ հարցվածների 72%-ը կարծում է, որ «գործողությունը պետք է շարունակվի»: Հատկանշական է, որ երկրի հարավում, որն ավելի շատ է տուժել Պաղեստինի անկլավից կատարվող հրթիռակոծություններից ՝ դրան աշխարհագրապես մոտ գտնվելու պատճառով, այս ցուցանիշն ավելի բարձր է՝ 73%:
Միայն 24%-ն է ասել, որ «մենք պետք է համաձայնենք» հրադադարին «հենց հիմա»: Հրեական պետության հարավում այս ցուցանիշը 22% է:
Հարցին, թե արդյո՞ք Իսրայելը Գազայի խմբավորումների հետ ռազմական գործողությունների այս փուլում ավելի շատ առաջընթաց է գրանցել, քան նախորդ դեպքերում, 66%-ը դրական է պատասխանել: Երկրի հարավային շրջաններում այս կարծիքը կիսում է հարցվածների միայն 30%-ը:
Հարցումն անցկացրել է Direct Polls սոցիոլոգիական ընկերությունը, դրան մասնակցել է 684 իսրայելցի:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:










