Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կառուցվող թունելների ուղղությամբ
Իսրայելի օդուժը հարվածներ է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի երեք կառուցվող թունելների ուղղությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ իսրայելական կործանիչները հարված են հասցրել նաև Բեյթ-Հանուն շենքի ուղղությամբ, որտեղ գտնվել է պաղեստինյան շարժման ռազմական թունելի մուտքը:
Հինգշաբթի ավելի վաղ իսրայելական բանակը տեղեկացրել էր հնգօրյա ավիահարվածների արդյունքում ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցի «չեզոքացման» մասին:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է, ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:










