Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «հրադադարի ճանապարհին զգալի ապաէսկալացման ականատես լինել այսօր»
Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ռազմական գործողությունները շարունակվում են, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «կրակի դադարեցման ճանապարհին էական ապաէսկալացման ականատես լինել այսօր»։
Նեթանյահուն, սակայն, նշել է, որ վճռական է տրամադրված ռմբակոծությունների շարունակականության հարցում, քանի դեռ Իսրայելն «իր նպատակին չի հասել»։
Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 11-րդ օրն է, ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:
Պաշտոնական Վաշինգտոնը խանգարում է հարցի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերի իրագործմանը։ Այն դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձևին, որը մշակվել է Ֆրանսիայի կողմից և կոչ է անում դադարեցնել կրակը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի առաքելության մամուլի խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է Վաշինգտոնի այն դիրքորոշումը, որ հրապարակային հայտարարությունը կարող է խանգարել ռազմական գործողությունները դադարեցնելու Բայդենի ջանքերին:
«Մենք կենտրոնացած ենք բռնությանը վերջ տալուն ուղղված դիվանագիտական ջանքերի վրա, և չենք աջակցելու այնպիսի գործողությունների, որոնք, մեր կարծիքով, խաթարում են լարվածության թուլացմանը», - ասել է մամուլի խոսնակը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 130 դեմոկրատներ կոչ են արել Բայդենին երկու կողմերի վրա ճնշում գործադրելու միջոցով հասնել կրակի դադարեցման շուրջ բանակցությունների։
Հայտնի է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բռնության կիրառման վերաբերյալ քննարկման նպատակով այսօր տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հատուկ նիստ։
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 227-ը, որոնցից 64-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:










