Որոշել են ինձ մեղադրանք առաջադրել և խաթարել իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ. ՀՔԾ–ն միայն քաղաքական պատվեր է կատարում Արմեն Գևորգյան (տեսանյութ)
Դեռևս անցած տարի ապրիլի 16-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի համակցությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ են նկարագրվում և նշվում, որ Արմեն Գևորգյանն այս ամեն ինչի հետ առնչություն ունի. ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը, որը ՀՔԾ է կանչվել:
«Ըստ մեղադրանքի՝ իբրև իմ հարազատների, բարեկամների մի շատ գույքեր ինձ են պատկանում, բայց այդ ժամանակ մեղադրանք չի առաջադրվել, կարծում եմ նաև քննությունն է հասկացել, որ դա աբսուրդի ժանրից է, բայց իրենք նաև բոլոր գույքերի վրա կալանք են դրել: Մենք փորձել ենք մեր իրավունքները պաշտպանել և դիմել ենք դատական ատյանների, բոլոր դատական ատյանները այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչել է ապօրինի և բեկանել է»,- նշեց նա:
Արմեն Գևորգյանը նշեց, որ իրեն որոշել են մեղադրանք առաջադրել, որպեսզի այդ գույքերի վրա կալանք դրվի, խափանման միջոց ընտրեն, որով խաթարեն իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ:
«Ես հրաժարվել եմ, որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ, կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն քաղաքական պատվերներ են կատարում և քաղաքական գործեր իրականացնում, ուղղակի իրենց հետ նստել, մեղադրանք քննարկել, ինչ-որ թղթեր ձևակերպել ժամանակի կորուստ է: Ես շփվում եմ տարբեր մարզերի գործընկերների հետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն, ինչ-որ անհասկանալի նյութերի նախապատրաստման, տարիներ շարունակ քննվող քրեական գործերով պարզաբանում ստանալու համար»,- ավելացրեց նա:
Արմեն Գևորգյանի խոսքով՝ ակնհայտ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց դեմ պայքարելու մարդկանց ցանկությունը և վճռականությունը կոտրվի, բայց «Հայաստան» դաշինքը շատ համախմբված է, և այսպիսի գործողությունները չեն կարող խաթարել դրա գործունեությունը։ Նա նաև նշեց, որ իր համար մեղադրանքը հասկանալի չէ, քանի որ հրաժարվել է առնչվել իրենց հետ:
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին՝ Արմեն Գևորգյանն ասաց, որ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են և պատրաստվում են ստորագրել, լեգիտիմ չեն.
«Դրանք մեր իրավական դաշտում գոյություն չունեցող փաստաթղթերի տեսակներ են, մենք չենք կարող պետական սահմանը որոշել հայտարարություններով, պետք է լինեն միջպետական պայմանագրեր և եթե կան նախապայմաններ, պետք է հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Մենք տեսել ենք փաստաթղթի մի հատվածը, որն արդեն անհանգստացնող է, այսօր նախընտրական փուլում գտնվող իշխանությունը պետականության համար վճռորոշ փաստաթուղթ է քննարկում մեր թշնամու հետ ու չգիտեն ի՞նչ փաստաթուղթ է, զավեշտ է»:
Մանրամասները՝ տեսանյութում։










