Ես տեղյակ չեմ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, իսկ հիմա գաղտնի քննարկում է ընթանում. Զարեհ Սինանյանը՝ Ադրբեջանի հետ կնքվելիք փաստաթղթի մասին (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձավ տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները նվաստացնում հայերին, ըստ նախնական տվյալների՝ այդ տեսանյութը նկարահանվել է Վարդենիսի տարածքում:
«Դա 2 ժամանոց հոլովակից հատված է եղել, և հնարավոր է, որ մյուս հատվածներում մեր զինվորներն են հարվածում, և եթե դրանից հետո մենք ենք իրենց ստորացրել, ուրեմն արդարացի է: Ես ամբողջական տեսանյութը չեմ տեսել և մանրամասների չեմ տիրապետում»,- նշեց Զարեհ Սինանյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, լրագրողի հարցին ի պատասխան, նաև նշեց, որ նախկինների օրոք ևս նման բաներ հնարավոր էին, և վիճաբանության մեջ մտավ ճեպազրույցին ներկա լրագրողներից մեկի հետ՝ նշելով, որ նրա տերերը վճարում են լրագրողին, որ այդպիսի հարցեր տան:
«Նախկինների օրոք կարող էր նման բան պատահել, իհարկե, ձեր տերերի հետ, այն մարդկանց, որոնք վճարում են ձեզ՝ հարցեր տալու համար»,- ասաց նա:
Սինանյանը նաև տեղեկացրեց, որ տեղյակ չէ, թե ինչ ստորագրվող փաստաթղթի մասին է խոսքը:
«Ես տեղյակ չեմ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, իսկ հիմա գնում է գաղտնի քննարկում, որին ես չեմ մասնակցում: Ես ծանոթ չեմ նման բանի և առաջին անգամ եմ լսում, որ որևէ բան կարող է կապված լինել նոր հող հանձնելու հետ»,- ասաց Զարեհ Սինանյանը:










