Իսրայելը հայտնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելային ցանցի «չեզոքացման» մասին

11:49 • 20.05.21

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ 5 օր տևած ավիահարձակումների հետևանքով «չեզոքացրել» է ՀԱՄԱՍ-ի «Մետրո» թունելային ցանցը Գազայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Իսրայելական բանակի տարածած տեսանյութի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը վերջին տասնամյակների ընթացքում ստեղծել է թունելային ցանց, որը գտնվում է Գազայի բնակելի շենքերի տակ։ Թունելային ցանցն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի մարտիկների կողմից Իսրայելի տարածք հրթիռներ արձակելուց հետո թաքնվելու համար:

Ավելի ուշ թունելները վերածվել են բարդ ստորգետնյա համակարգի, որը շարժման ներկայացուցիչներին թույլ է տվել ոչ միայն թաքնվել, այլև զենք- զինամթերք տեղակայել ու տեղափոխել։

Իսրայելական բանակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հաջողվել է վերացնել թունելային ցանցի 100 կիլոմետր երկարությամբ տարածք։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 227-ը, որոնցից 64-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Իսրայելը հայտնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելային ցանցի «չեզոքացման» մասին