ԵՄ-ն Մարոկկոյի հարցում կրկնում է նույն սխալը, ինչ Թուրքիայի հետ․ Politico

11:44 • 20.05.21

Եվրոպական Միությունը Մարոկկոյի հետ գործարք է կնքել, որը նպատակ ունի կանխել ներգաղթյալների մուտքը Եվրոպա, գրում է ամերիկյան Politico քաղաքական պարբերականը և հավելում, որ կառույցը թույլ է տալիս նույն սխալը, ինչ Թուրքիայի հետ 5 տարի առաջ ձեռք բերված համաձայնությունն էր։

Անդրադառնալով շաբաթվա սկզբին իսպանական Սեուտա անկլավում հայտնված ավելի քան 6000 ներգաղթյալներին՝ Politico-ն գրում է․ «Հարցն այն է, թե ինչպես է Մարոկկոյի ագրեսիվ սահմանային պարեկությունը թույլ տվել, որ նրանք այդքան հեռու հասնեն։ Պատասխանը պարզ է․ դա մեսիջ էր»։

Հոդվածում ասվում է, որ Միության և Թուրքիայի կամ Մարոկկոյի միջև համաձայնությունները լծակներ են տալիս «անկանխատեսելի գործընկերներին», որոնք օգնություն են ստանում ներգաղթյալների մուտքը Եվրոպա կանխելու դիմաց:

Եվրահանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերին Մարոկկոյին 389 միլիոն եվրո օժանդակություն հատկացնելու ծրագրեր է ընդունել։ Նմանատիպ գործարք ԵՄ-ն կնքել էր Թուրքիայի հետ 2016 թվականին՝ ներգաղթյալների հետ կապված ծառայությունների դիմաց վեց միլիարդ եվրո տրամադրելու և Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ճանապարհորդության դիմաց փախստականների հոսքը դեպի ԵՄ կանգնեցնելու հարցում Թուրքիայի համաձայնությունը ստանալու համար։ Սակայն 2020 թվականին Թուրքիան բացել է ցամաքային սահմանները ներգաղթյալների առաջ։

Պարբերականն նշում է, որ Հյուսիսային Աֆրիկայից իսպանական կիսանկլավ Սեուտա ավելի քան 6000 ներգաղթյալների անցումը, որը դիվանագիտական լարվածություն է առաջացրել Իսպանիայի և Մարոկկոյի իշխանությունների միջև, վերջին ամիսներին ներգաղթյալների հոսքը ցույց տվող մեկ դեպքն է միայն։

Ըստ հոդվածի՝ երկու պետությունների միջև համագործակցությունը, որը հիմնված է 1993 թվականին ձեռքբերված համաձայնագրի վրա, հավանաբար կօգնի վերականգնել հարևանների հարաբերությունները: Սակայն այս դեպքում երկու պետությունները կրկին կշահագործեն ներգաղթյալներին, որոնցից շատերը երեխաներ են։

Ըստ Politico պարբերականի՝ ԵՄ ծախսերն ուղղված չեն եղել դաշինքի սահմանների ամրապնդմանն ու Եվրոպա անցնել ցանկացող մարդկանց պաշտպանությանը, այլ նպատակ են ունեցել իշխանությունը փոխանցել Մարոկկոյի թագավորին, որն այն ստանձնելու մտավախություն չունի։

ԵՄ-ն Մարոկկոյի հարցում կրկնում է նույն սխալը, ինչ Թուրքիայի հետ․ Politico