«Չինաստանը զարգացող երկրներին 3 մլրդ դոլար կհատկացնի համավարակի դեմ պայքարելու համար»․ Սի Ծինփին
Չինաստանի կառավարությունն առաջիկա երեք տարում համավարակի դեմ պայքարելու և տնտեսական աճը վերականգնելու համար զարգացող երկրներին ևս 3 մլրդ դոլար օգնություն կհատկացնի: Այս մասին ուրբաթ տեսակոնֆերասի ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Որպես միջազգային օգնություն՝ Չինաստանը հաջորդ երեք տարիների ընթացքում ևս 3 մլրդ դոլար կհատկացնի զարգացող երկրներին՝ համաճարակի դեմ պայքարելու և տնտեսական աճը վերականգնելու համար»,- ասել է պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ Չինաստանը ներկայում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի 300 մլն չափաբաժին է մատակարարել տարբեր երկրներ և մտադիր է ավելացնել մատակարարումը:
Գագաթնաժողովը, որին անձամբ մասնակցում են միայն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, տեղի է ունենում Հռոմում։ Դրա ավարտից հետո պլանավորվում է հրապարակել Հռոմի հռչակագիրը, որը կներառի համավարակի դեմ պայքարի և ապագայում հիվանդությունների տարածման կանխարգելման հիմնական սկզբունքները:










