Բայդենը Նեթանյահուի վրա ճնշում է գործադրել, որպեսզի վերջինը պաղեստինյան կողմի հետ հրադադարի համաձայնություն ձեռք բերի. CNN

03:48 • 21.05.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսային բանակցությունների ժամանակ ճնշում է գործադրել վերջինի վրա՝ պահանջելով համաձայնել պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի հետ հրադադարի հաստատմանը, գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ամերիկյան լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուին է ներկայացրել կրակի դադարեցման ժամանակային պայմանները: Ըստ տեղեկությունների՝ Բայդենը չի թաքցրել վրդովմունքն ու խոսակցության ժամանակ բաց, հստակ ու անկաշկանդ գնահատականներով է ձևակերպել ասելիքը:

Այդ խոսակցությունից հետո Սպիտակ տան մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, որ ամերիկյան կողմն Իսրայելի իշխանություններից լարվածությունը թուլացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր է ակնկալում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարվածները դադարեցնելու մասին: Տեղի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ուժային գերատեսչությունների ղեկավարներն ու նախարարները կքննարկեն միակողմանի հրադադարի մասին հարցը:

Պաղեստինի արտգործնախարարն էլ ի պատասխան հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին հայտարարությունը դրականք քայլ է, բայց ոչ բավարար:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում չպետք է մոռանալ Երուսաղեմի, Ալ-Աքսա մզկիթի մասին, որը, ըստ նախարարի, հարձակումների է ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, ինչպես նաև՝ իրենց տներից, մասնավորապես՝ Շեյխ-Ջարրախ թաղամասից պաղեստինցիներին իրենց տներից վտարելու Իսրայելի քաղաքականությունը:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Բայդենը Նեթանյահուի վրա ճնշում է գործադրել, որպեսզի վերջինը պաղեստինյան կողմի հետ հրադադարի համաձայնություն ձեռք բերի. CNN