Բայդենը շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին կրակի դադարեցման որոշման համար

09:23 • 21.05.21

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել նրան կրակի դադարեցման որոշման համար, հայտնում է EurAsia Daily լրատվականը:

«Վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ իմ զրույցներում շնորհակալություն եմ հայտնել նրան, որ 11 օրից էլ քիչ ժամանակահատվածում վերջ է տվել ներկայիս ռազմական գործողություններին: Նաև շեշտել եմ այն, ինչ ասում էի այս հակամարտության ամբողջ ընթացքում. Միացյալ Նահանգները լիովին սատարում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը ՀԱՄԱՍ-ի և Գազայում տեղակայված այլ ահաբեկչական խմբավորումների անկանոն հրթիռային հարձակումներից, որոնց հետևանքով Իսրայելում զոհվել են անմեղ քաղաքացիական անձինք», - ասել է Բայդենը Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին ելույթի ժամանակ:

Բայդենը շնորհակալություն է հայտնել նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին՝ հրադադարի ռեժիմի հաստատման հարցում միջնորդելու համար:

Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել:

Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով: Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հանձնարարականով եգիպտական երկու պատվիրակություն է գործուղվելու Իսրայել և Պաղեստին՝ կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով:

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մայիսի 20-ի երեկոյան հավանություն էր տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի հաստատմանը, որի մասին տեղեկություն էր տարածվել վարչապետ Նեթանյահուի աշխատակազմից: Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Կահիրեի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։

Բայդենը շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին կրակի դադարեցման որոշման համար