Բլինկենը մոտակա օրերին Մերձավոր Արևելք է մեկնելու

06:15 • 21.05.21

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մոտակա օրերին մեկնելու է Մերձավոր Արևելք, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Պետքարտուղարության փոխանցմամբ՝ Բլինկենը տարածաշրջանային այցի ժամանակ բանակցություններ է վարելու Իսրայելի և Պաղեսինի ներկայացուցիչների հետ:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել Երևանի ժամանակով 03:00-ին. Գազայի հատվածում տոնում են կրակի դադարեցումը՝ այն որպես հաղթանակ որակելով:

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մայիսի 20-ի երեկոյան հավանություն էր տվել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ հրադադարի հաստատմանը, որի մասին տեղեկություն էր տարածվել վարչապետ Նեթանյահուի աշխատակազմից: Պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը համաձայնություն է տվել  Կահիրեի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը:

Պաղեստինի արտգործնախարարը նախքան հրադադարի ուժի մեջ մտնելը, ի պատասխան Իսրայելի՝ ռազմական գործողությունները միակողմանիորեն դադարեցնելու մասին հաղորդագրությանը, հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին հայտարարությունը դրականք քայլ է, բայց ոչ բավարար:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

 

Բլինկենը մոտակա օրերին Մերձավոր Արևելք է մեկնելու