«Եդինայա Ռոսիա»-ից նախկին պատգամավորը կովերի նախիր է գողացել

15:07 • 21.05.21

Վոլգոգրադի տարածաշրջանային դումայի նախկին պատգամավոր Հասան Նաբիևը կովերի նախիր է գողացել Ստեպնոյ գյուղում բնակվող թոշակառուներից: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

Տուժած գյուղացիները պատմել են, որ մայիսի 20-ի ցերեկը նախկին խորհրդարանականի ենթակաները 2 մեքենայով ժամանել են գյուղ և գողացել են արոտավայրում արածող անասուններին: Նրանք կենդանիներին քշել են Նաբիևին պատկանող նախկին անասնաբուծական ֆերմայի փակ տարածք: «Նույնիսկ ոստիկանությանը երկար ժամանակ թույլ չէին տալիս ներս մտնել, բայց հետո բացեցին: Մենք կանգնած ենք դարպասի առջև, պահակներին հրամայում են ոչ ոքի ներս չթողնել: Իսկ ինքը` Նաբիևը, մեկնել է քաղաք»,-ասել է տեղի բնակիչ Գալինա Գրիբեննիկովան`նշելով, որ կովերի տերերը դարպասների մոտ կանգնած էին մինչև գիշեր:

Նախրում կա 22 կենդանի: Նրանց մեծ մասը պատկանում է մի քանի թոշակառուի, որոնք ապրում են իրենց տնտեսությամբ: «Կովերը մեր կերակրողներն են: Ինչ-որ մեկն ունի մեկը, մեկը`երկուսը, մյուսը` երեքը»,-բացատրել է կինը:

Արոտավայրի տերը՝ Արկադի Դուդովը, գյուղացիներին անվճար հատկացրել է իր հողատարածքը կենդանիներին արածեցնելու համար: Նրա խոսքերով` ավելի վաղ Նաբիևը անընդհատ դաշտ էր բերում իր կենդանիներին առանց թույլտվության, և ֆերմերը բազմիցս ոստիկանություն է կանչել: «Ամեն անգամ կռիվ է գնում նրա հոտին իմ հողերից դուրս հանելու համար: Սա այն խոտն է, որը թույլ կտա գոնե որոշակի ավելացում տալ տեղի բնակիչների բյուջեին: Եվ նա փորձում է այդ ամենը խլել: Նա գիտի, որ այս բոլոր կովերը պահում են աթոշակառուները»,-ասել է Դուդովը:

2019 թվականի գարնանը Հասան Նաբիևը հեռացվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից և կորցրել է պատգամավորական մանդատը այն բանից հետո, երբ նա  «հարբեցող» և «մակաբույծ» է անվանել նվազագույն կենսաթոշակ ստացող տարեց ռուսաստանցիներին:

«Եդինայա Ռոսիա»-ից նախկին պատգամավորը կովերի նախիր է գողացել