Գերմանիայում հրաժարական է ներկայացրել նախարարը, որն առաջարկել էր ազատվել «հայր» և «մայր» բառերից ու դրանք փոխարինել «ծնող 1» և «ծնող 2» կապակցություններով

13:52 • 21.05.21

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ընտանիքի, տարեցների, կանանց և երիտասարդության հարցերով նախարար Ֆրանսիսկա Գիֆայը, որը սկանդալային հեղինակություն է ձեռք բերել պաշտոնական փաստաթղթերում «հայր» և «մայր» բառերը «ծնող 1» և «ծնող 2» կապակցություններով փոխարինելու նախաձեռնության համար, հրաժարական է տվել, գրում է Reuters-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ նախարարի հրաժարականը պայմանավորված է եղել գրագողության մեղադրանքներով: Վեց ամիս առաջ Ֆրանցիսկա Գիֆայն արդեն հրաժարվել էր իր գիտական աստիճանից՝ գրագողության մեղադրանքների պատճառով: Նա այդ ժամանակ դեռ աշխատում էր «Քաղաքացու եվրոպական ուղին. քաղաքացիական հասարակության ներգրավման եվրոպական հանձնաժողովի քաղաքականությունը» թեմայով գիտական աշխատանքի վրա: Շարունակական քննադատությունից հետո նախարարը ստիպված է եղել հրաժարական տալ, ինչն արդեն նախօրեին ստորագրել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Հատկանշական է, որ Մերկելի կարծիքով նախարարի հրաժարականի անհրաժեշտություն չի եղել: Ըստ ամենայնի, նա բոլորովին չի ամաչում իր կաբինետի նախարարներից մեկի խարդախության համար՝ իր կառավարության կոռուպցիոն սկանդալների ֆոնին: Միևնույն ժամանակ, Գիֆայը շարունակում է պայքարել Բեռլինի քաղաքապետի պաշտոնի համար և վայելում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության լիակատար աջակցությունը»,- դեպքի առնչությամբ ընդգծել է «Լուրեր Գերմանիայից» թելեգրամյան ալիքը:

Դեռևս 2019 թվականին գերմանացի նախարարը հանդես էր եկել բոլոր պաշտոնական փաստաթղթերից «հայր» և «մայր» բառերը հանելու և դրանք «ծնող 1» և «ծնող 2» կապակցություններով փոխարինելու առաջարկով: Նախարարի խոսքով՝ «հայր» և «մայր» եզրույթները խտրականություն են միասեռ զույգերի նկատմամբ, ուստի պաշտոնական փաստաթղթերում անհրաժեշտ է ազատվել «անցյալի մնացորդներից»:

Գերմանիայում հրաժարական է ներկայացրել նախարարը, որն առաջարկել էր ազատվել «հայր» և «մայր» բառերից ու դրանք փոխարինել «ծնող 1» և «ծնող 2» կապակցություններով