Թուրքական ձկնորսական նավերը հատել են Հունաստանի ջրային սահմանը

10:10 • 21.05.21

Թուրքական ձկնորսական նավերը հատել են Հունաստանի ջրային սահմանը, հայտնում է Greek City Times թերթը:

Թերթը նշել է, որ թուրքական նավերն ավելի համարձակ են դարձել և այս անգամ Հունաստանի տարածքային ջրեր են մտել Կրետեից դեպի արևմուտք՝ Գավդոս կղզու մոտ:

Հունաստանի ռազմածովային ուժերը հայտնել են, որ առափնյա պահպանության ծառայությունը թուրքական ձկնորսական նավերը վտարել է Հունաստանի տարածքային ջրերից:

Հիշեցնենք, որ Հունաստանի և Թուրքիայի ծովային սահմանների վերաբերյալ երկարամյա տարաձայնությունները սրվել են Միջերկրական ծովի արևելյան ավազանում բնական գազի պաշարների հայտնաբերման ֆոնին: Անցյալ տարվա վերջին Թուրքիան մի քանի անգամ հորատում իրականացնող նավեր է ուղարկել Արևելյան Միջերկրականում Հունաստանի տարածքային ջրեր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հակամարտության եզրին հասցնելով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, որ շատ շուտով Անկարան լավ լուրեր կհայտնի նավթի և գազի պաշարների վերաբերյալ, ինչից հետո մարդիկ կփոխեն Թուրքիայի մասին իրենց պատկերացումը։

«Այս առումով մարդիկ հիմա նախանձում են մեզ և ճիշտ են անում: Թողեք թող նախանձեն», - ասել էր Էրդողանը։

Թուրքական ձկնորսական նավերը հատել են Հունաստանի ջրային սահմանը