ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին և պաղեստինյան ուժերին կոչ է արել պահպանել հրադադարի պայմանավորվածությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել Իսրայելի և պաղեստինյան ծայրահեղական խմբավորումների միջև հրադադար հաստատելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հաղորդում է ТАСС-ը:
«11-օրյա արյունալի մարտերից հետո կոչ եմ անում Գազայի հատվածին և Իսրայելին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ասել է Գուտերեշը:
Նա նշել է, որ իրադրության կայունացումից հետո Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար պետք է բանակցայի գործընթաց սկսվի:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարվածները դադարեցնելու մասին: Տեղի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ուժային գերատեսչությունների ղեկավարներն ու նախարարները կքննարկեն միակողմանի հրադադարի մասին հարցը:
Պաղեստինի արտգործնախարարն էլ ի պատասխան հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին հայտարարությունը դրականք քայլ է, բայց ոչ բավարար:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում չպետք է մոռանալ Երուսաղեմի, Ալ-Աքսա մզկիթի մասին, որը, ըստ նախարարի, հարձակումների է ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, ինչպես նաև՝ իրենց տներից, մասնավորապես՝ Շեյխ-Ջարրախ թաղամասից պաղեստինցիներին իրենց տներից վտարելու Իսրայելի քաղաքականությունը:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:










